ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

«ԹԱՏՐՈՆԸ ՉՎԵՐՋԱՑՈՂ ՏՈՆ ՊԻՏԻ ԼԻՆԻ»

«ԹԱՏՐՈՆԸ ՉՎԵՐՋԱՑՈՂ ՏՈՆ ՊԻՏԻ ԼԻՆԻ»
29.11.2011 | 00:00

-Գեղարվեստական ղեկավարի խնդիրը Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ժամանակին բուռն քննարկումներից հետո, կարծես թե, առերևույթ պասիվ փուլ է մտել, սակայն թատրոնի դերասանները պատեհ բոլոր առիթներն օգտագործում են՝ բարձրաձայնելու, թե իրենք «անտեր են մնացել»: Ի վերջո, այս թնջուկը ի՞նչ լուծում է ստանալու:
-Երբ հասունանա պահը, հարցը կլուծվի,- մեզ հետ զրույցում ասաց մշակույթի նախարար ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆԸ։
-Այսի՞նքն:
-Երբ նույն դերասաններին հարցնում ես՝ ո՞ւմ են իրենց գեղղեկավար տեսնում, որևէ մեկը որևէ բան չի պատասխանում: Ի՞նչ է նշանակում «անտեր»: Ամեն ներկայացում իր ռեժիսորն ունի, այդ թվում նաև` Վահե Շահվերդյանը, այսինքն, ամեն ռեժիսոր իր ներկայացմանը տիրություն է անում, որ խաղացանկը նորմալ հունով գնա:
-ՈՒրեմն ինչո՞վ է պայմանավորված «չհանդարտվող» դժգոհությունների շարանը:
-Իրենք էդպես են սովոր: Դժգոհությունը ո՞րն է:
-Օրինակ, Ազատ Գասպարյանը եթերից խիստ նեղսրտած հայտարարեց, թե շատ վատ է, որ իրենք գեղղեկավար չունեն, անտեր են մնացել։
-Երբ իրենց դերերը պակասում են, ներկայացումներում քիչ մասնակցություն են ունենում, ու գալիս են նոր, երիտասարդ դերասաններ, նրանք, բնականաբար, դժգոհում են: Իսկ նորմա՞լ է, որ տարիներ շարունակ բոլոր պրեմիերաներում նույն դերասանն է խաղում: Կարծում եմ՝ ոչ: Ի վերջո, ո՞րն է գեղղեկավարի առավելությունը ներկայացման ռեժիսորի համեմատ:
-Որպես նախարար, այս իրավիճակը խնդրահարույց չե՞ք համարում:
-Խնդիրն այն է, որ այդ անհատը չկա: Այսօր ես չեմ տեսնում այն ձևավորված անհատին, որը կարող է գեղարվեստական ղեկավար լինել: Սակայն սա ոչ մի խնդիր չի ստեղծում թատրոնի գոյատևման համար: Տեսեք` ինչ է կատարվում աշխարհում, օրինակ` «Տագանկայում»: Խնդիրը հենց այնպես հո չի՞ առաջանում:
-Փաստորեն, բնակա՞ն է, որ Մայր թատրոնը գեղղեկավար կարող է և չունենալ:
-Իսկ որտե՞ղ է գրված, որ պիտի անպայման ունենա: Ո՞ր երկրի մոդելն ենք վերցնում: Կարծում եմ՝ կարող է և այդպես լինել: Այս ամենում ինձ ավելի շատ դուր չի գալիս այն, որ ամեն բան ինքնանպատակ ենք դարձնում: Այսինքն, բովանդակությունը մեզ չի հետաքրքրում, այնպես, ինչպես ժամանակին թատրոնից վտարվեցին բավականին վառ անհատականություններ: Ես էլ հարց եմ տալիս՝ ինչո՞ւ նրանք վտարվեցին: Ամեն փուլ իր խնդիրները, հաջողությունները, դժվարություններն է բերում: Եկել էր ժամանակը, որ թատրոնում պիտի փոփոխություններ լինեին: Այս շրջանն անսովոր է, բայց սա միայն գեղարվեստական ղեկավարի խնդիրը չէ: Այսօր լուրջ մտահոգվելու հարց է դրամատուրգիայի բացակայությունը, որովհետև ընտրություն չկա: Տասնվեց պետական թատրոն ունենք, եթե այդքան վատ է վիճակը, ինչպե՞ս են նոր թատերական խմբեր ձևավորվում: Բոլորի պարագայում կա մեկ խնդիր՝ ազգային դրամատուրգիայի բացակայությունը: Երբ Պերճ Զեյթունցյանը զանգահարում է ու ասում, որ նոր պիես ունի, միանգամից մտածում ես, թե այն պիտի բեմադրվի Մայր թատրոնում: Սակայն ո՞րն է հաջորդելու դրան: Մեկ այլ խնդիր է ընդհանուր կադրային պատրաստվածությունը, որովհետև թատրոնի կայացման համար այլ անհրաժեշտ տարրեր էլ կան: Եթե առաջ թատրոնը ռեժիսորի, դերասանի ու նկարիչ-ձևավորողի հանրագումար էր, այսօր թատրոնը կարիք ունի բազմաթիվ այլ մասնագիտությունների, որոնք մեզանում դեռ ձևավորված չեն, քանի որ համապատասխան կրթություն Հայաստանը չի ապահովում: Կադրերին ուղարկում ենք դուրս, մի հինգ տարի սպասում ենք, որ վերադառնան: Վերջին հաշվով, այս թատրոնում առանց գեղղեկավարի ստեղծվեց առնվազն չորս լուրջ ներկայացում: Այլ հարց է՝ որը ինչքանով կայացավ։ Եթե թատրոնը դարձավ սովորական, տոնական վիճակից դուրս է գալիս: Իսկ թատրոնը չվերջացող տոն պիտի լինի, չդադարի զարմացնելուց, այնինչ մենք ցանկանում ենք սովորական լինել:
Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1035

Մեկնաբանություններ